Վեդիում ենթադրյալ մանկապղծության գործով ներգրավված երեք անձ մեղադրյալի կարգավիճակ չունի, վկայի կարգավիճակում է, հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Փաստաբանի ասուլիսն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Նրա խոսքով՝ 17 տարեկան աղջիկը հարցաքննվել է և առերես պնդել իր հետ տեղի ունեցածը՝ մատնանշելով Արթուր Երեմյանին և Դավիթ Այնազյանին։ Սակայն վերջինները վկայի կարգավիճակով են դուրս եկել քննչական բաժնից։
Էլբակյանը նշել է, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ պետական մարմինները պաշտպանություն չեն ապահովում, ինքն է որոշել դատաստան տեսնել նրանց նկատմամբ։ Նա միջին ծանրության վնասվածք էր հասցրել Այնազյանին։
Նա արձանագրել է, որ ոստիկանները և քննչական մարմինը «չեն աշխատել»։ Փետրվարի 12-ին և ապրիլի 12-ին հարուցված գործով այսօր են հարցաքննության կանչել։ Փաստաբանի խոսքով՝ գործով մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ չեն իրականացվել, այդ թվում՝ խուզարկություններ և հանցագործության վայրի զննումներ, հեռախոսներ չեն առգրավվել դրանց պարունակությունը ստուգելու համար, չնայած դրա վերաբերյալ ապացույցների առկայությանը։ Նախաքննությունը նաև չի իրականացրել դատաբժշկական փորձաքննություններ։
Գործով ներգրավված Երեմյանի մեքենան առգրավվել է, սակայն համապատասխան դատաբժշկական փորձաքննություն չի անցկացվել, իսկ Այնազյանի մեքենան չի առգրավվել։ Ըստ փաստաբանի՝ երեխաների հետ հոգեբան չի աշխատել։ Էլբակյանը նշել է, որ քույրերը պատկանում են սոցիալապես խոցելի խմբի՝ հաշվի առնելով նրանց առողջական և ընտանեկան կարգավիճակը։ Ըստ փաստաբանի՝ ընտանիքն ունի հինգ երեխա, որոնք բոլորն էլ առողջական խնդիրներ ունեն։
Գործով զննվել է 17 տարեկան աղջիկը։ Ըստ փաստաբանի՝ այդ եզրակացությունն արդեն իսկ հիմք պետք է հանդիսանար իրավապահների կողմից կոնկրետ գործողություններ կատարելու համար։
Էլբակյանը հավելել է, որ երեխաներին պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտել են և ունեն «սահմռկեցուցիչ փաստեր»։ Փաստաբանը, ելնելով երեխաների շահերից, չի մանրամասել այդ փաստերը։
Ըատ ՔԿ-ի՝ փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին էր դիմել անչափահաս երկու աղջիկների հայրը։ Նա հայտնել էր, որ փետրվարի 8-ին Վ. Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից, ով ունի մտավոր հետամնացություն, նրա նկատմամբ կատարել էր անառակաբարո արարք: Հաղորդագրության մեջ նշվում է, որ անչափահասները հերքել են բռնության առկայությունը։

































