Ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար, հայտնել է The Washington Post-ը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Սփիրսը գործարք է կնքել քննության հետ, ինչի շնորհիվ խուսափել է իրական բանտային կալանքից: Նա անձամբ ներկա չի գտնվել դատական նիստին. նրա շահերը ներկայացնող փաստաբանը դատարանում ընդունել է երգչուհու մեղքը wet reckless (ալկոհոլի հետ կապված նվազ ծանր իրավախախտում-խմբ.) հոդվածով:
Դատարանի որոշմամբ՝ երգչուհու նկատմամբ նշանակվել է մեկ օրվա բանտարկություն, որը համարվել է կրած՝ ձերբակալության պահին կալանքի տակ գտնվելու հաշվին: Բացի մեկ տարվա պայմանական ժամկետից, Սփիրսը պարտավոր է վճարել տուգանք և անցնել հատուկ դասընթացներ, որոնք նախատեսված են նմանատիպ իրավախախտում թույլ տված անձանց համար:
Դատախազությունը պարզաբանել է, որ նմանատիպ գործարքն ստանդարտ ընթացակարգ է այն մեղադրյալների համար, ովքեր նախկինում չեն կատարել նման խախտումներ, չեն առաջացրել ճանապարհատրանսպորտային պատահարներ և արյան մեջ ունեցել են ալկոհոլի ցածր մակարդակ:
Միջադեպը տեղի էր ունեցել մարտի սկզբին՝ Կալիֆոռնիայում: Ոստիկանությունը վտանգավոր վարման պատճառով կանգնեցրել էր երգչուհու BMW մակնիշի ավտոմեքենան։ 44-ամյա երգչուհուն մեղադրանք էր առաջադրվել ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելու համար, որից հետո նա վերականգնողական կենտրոնում բուժման կուրս էր անցել:
Սփիրսը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին: Նրա կարիերան ուղեկցվել է մի շարք սկանդալներով և իրավական խնդիրներով: 2021 թվականի նոյեմբերին դատարանի որոշմամբ դադարեցվել էր նրա հոր կողմից իրականացվող խնամակալությունը, որի ներքո երգչուհին գտնվել էր ավելի քան 13 տարի։
Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան
Իրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում...






































