Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 50 երկրի առաջնորդներ և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Պատվիրակությունների ժամանումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան շարունակվում է:
Մասնավորապես, Երևան է ժամանել Եվրամիության պատվիրակությունը, որի կազմում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, փոխվարչապետներն ու ԱԳ նախարարի տեղակալները։
Մակրոնին դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Սթարմերին դիմավորել է Խաչատուրյանը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմավորել է ֆոն դեր Լայենին, Կոշտաին, Մեցոլանին և Կալլասին։
Սիմոնյանը նաև դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենին:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դիմավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին, Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոյին, Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտին, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալին, Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորային, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին, Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովային, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային և Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին:
Լիխտենշտեյնի վարչապետ Բրիգիտտե Հաասին, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին, Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը դիմավորել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին:
ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է անցկացրել Երևան ժամանած եվրոպական երկրների ղեկավարների հետ:
Մասնավորապես, Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովայի հետ ստորագրվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր: Վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեի, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:





































