ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է տվել Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ֆելանի պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունը հաստատել է նաև Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Պարնելը։ Նշվում է, որ նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Հանգ Կաոն։
Axios-ի տվյալներով՝ Ֆելանը «լեզու չի գտել» Պենտագոնի ղեկավարի հետ, միևնույն ժամանակ՝ նրան հաջողվել էր պահպանել աշխատանքային հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ։
Պարբերականի զրուցակիցն ստեղծված իրավիճակը բնութագրել է կոնֆլիկտային՝ կապված լիազորությունների ընկալման հետ։
«Նրա աշխատանքը տրված հրամանները կատարելն էր, ոչ թե այն, ինչն, իր կարծիքով, պետք է արվեր»,- մեջբերում է պարբերականն աղբյուրի խոսքերը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ՌԾՈՒ նախարարի հրաժարականն անսպասելի էր ռազմական ղեկավարության մեծ մասի համար։ Այն համալրում է այն բարձրաստիճան պաշտոնյաների շարքը, ովքեր վերջին շրջանում լքել են գործող վարչակազմը։






































