Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ մի շարք հայտարարություններ էր արել կապված թոշակառուների ներկայիս սոցիալական իրավիճակի հետ՝ պնդելով, որ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը բարելավվել է, և 2026 թվականի ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացրած թոշակով նույնիսկ նրանք կարող են հանգստանալ արտերկրում։
«900 դրամով Գյումրի-Լառնակա ավիատոմս կար։ Այսինքն՝ մեր բարձրացրած թոշակով՝ ապրիլի 1-ից բարձրացրած թոշակով, թոշակառուն կարող է 5 հատ «տուդա-աբռատնի» տոմս առնել»,- ասել էր Փաշինյանը։
Իշխանությունները նաև մատնանշում են, որ հատկապես թոշակառուների կյանքի որակի վրա դրական ազդեցություն է ունեցել հունվարից առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի ներդրումը։ Ընդդիմությունն ընդգծում է, որ նման կոսմետիկ փոփոխություններն ի զորու չեն բարեփոխելու տարեց քաղաքացիների կենսամակարդակը՝ հաշվի առնելով երկրում տիրող գնաճի բարձր մակարդակը և միջին սպառողական զամբյուղի արժեքը։
Հայաստանի վիճակագրական կոմիիտեի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում սննդամթերքի գներն աճել են 3-5%-ով։ Մսնավորապես, ամենամեծ աճը գրանցվել է ձվի դեպքում՝ 30,1%, միսը թանկացել է 15,1%-ով, կաթնամթերքը՝ 12,8%-ով, մակարոնեղենը՝ 9,4%-ով, սուրճը՝ 7,9%-ով, մրգերը՝ 5,6%-ով, հացը՝ 3%-ով, իսկ շաքարը՝ 2,8%-ով։
Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել թոշակառուների շրջանում՝ հետաքրքրվելով, թե արդյոք իրենք համաձա՞յն են Փաշինյանի՝ իրենց կենսամակարդակը բարելավելու մասին արված հայտարարությունների հետ։ Իսկ Փաշինյանի հայտարարությանը, թե կառավարության ավելացրած թոշակով կենսաթոշակառուն կարող է 5 հատ Գյումրի-Լառնակա ավիատոմս գնել, հարցվածների մեծամասնությունն անլուրջ է մոտեցել։
«Ինչպե՞ս գնեմ․ վիզայի գումար պիտի՞ հատկացնես, էնտեղ պիտի՞ ինչ-որ բան ուտես, թե՞ ուղղակի ֆիլմի հերոսի նման պիտի գնաս-գա՞ս։ Լուրջ չեմ վերաբերվում»,- նշել է հարցվածներից մեկը։
Հարցված քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ կենսաթոշակառուների սոցիալական վիճակը վատ է, թոշակը բավականացնում է ընդամենը մինիմալ սննդի համար, իսկ ամենավատ վիճակում գտնվում են միայնակ ապրող թոշակառուները, որոնք չունեն հարազատներ։
«Մեր թոշակառուները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, օրական հացի կարոտ են, իսկ եթե միայնակ են մնում՝ սարսափելի է»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Հարցվածների մեծ մասն անլուրջ է որակել Փաշինյանի այդ հայտարարությունները՝ ասելով, որ իրենց կյանքի որակն էապես չի փոխվել։ Նրանք նշում են, որ 10 000 դրամով թոշակը բարձրացնելը որևէ էական փոփոխություն չի բերել իրենց կյանքում, և եթե իրենց կողքից չաջակցեն, ապա թոշակն ընդամենը մի քանի օր կբավականացնի։
«Մսի գինը դարձել է 4300, ամեն ինչը թանկ է հիմա․ թոշակը 10 000 ավելացրել է, թոշակառուն ինչպե՞ս ապրի»,- փաստել է մեկ այլ քաղաքացի։
Որոշ թոշակառուներ նշել են, որ Հայաստանում կենսաթոշակը չափազանց ցածր է։
«Համեմատած ուրիշ երկրների հետ, որտեղ գործուղման էի, Հայաստանում թոշակառուների վիճակն ահավոր վատ է»,- ընդգծել է քաղաքացիներից մյուսը։
Հարցվածներից ընդամենը մի քանի քաղաքացի է նշել, որ իրենց վիճակը բարելավվել է առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրմամբ։
«Իհարկե, բարելավվել է վիճակը։ Ե՛վ դեղորայքն է անվճար, և՛ վիրահատությունը»,- արձանագրել է քաղաքացին։
Մանրամասները՝
տեսանյութում: