Վաշինգտոնն ու Անկարան շուտով կլուծեն Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցը՝ կապված Անկարայի կողմից Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնման հետ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
«Շուտով դուք կտեսնեք S-400-ի հետ կապված իրավիճակի կարգավորում։ Իմ ղեկավարության տեսանկյունից՝ Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրին նորմալ է»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումում ասել է նա։
Թուրքիան Ռուսաստանի հետ S-400-ներ գնելու պայմանագիր էր կնքել 2017 թվականին, որի ժամկետն ավարտվել էր 2019 թվականին։ Սկզբում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դեմ էին այս որոշմանը։ Վաշինգտոնը, մասնավորապես, նշել էր, որ S-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ և նաև մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ կործանիչների ռադարային ստորագրության և աշխատանքի վերաբերյալ տվյալներին S-400-ի և F-35 կործանիչների համատեղ օգտագործման միջոցով։
ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել էր ամերիկյան արտադրության Patriot համակարգեր S-400-ի փոխարեն, սակայն համաձայնության հասել չէր հաջողվել։
2020 թվականին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական S-400-ներ գնելու համար և բացառել այն F-35-ների գնման և արտադրության ծրագրից։ Սահմանափակող միջոցառումները կիրառվել էին «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն։
F-35-ների գնման արգելքից բացի, պատժամիջոցները ներառում են ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման արգելք, վարկերի հասանելիության սահմանափակումներ, ակտիվների սառեցում և վիզայի սահմանափակումներ։ Թուրքիան պատժամիջոցները համարել էր անարդար և պնդել է սեփական զենքն ընտրելու իրավունքը։
2025 թվականի նոյեմբերին Թուրքիան հայտարարել էր, որ մտադիր չէ Ռուսաստանից գնված S-400-ները դուրս բերել շահագործումից, բայց կարող է համաձայնվել դրանց համար համատեղ վերահսկողության մեխանիզմի ստեղծմանը։
Սեպտեմբերին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել քննարկել Թուրքիայի կողմից F-35-ների գնման հարցը, սակայն «դեռևս որևէ համաձայնության չեն հասել», հաղորդում են Bloomberg-ի աղբյուրները։





































