Ոստիկանները ձերբակալել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած երեք տղամարդկանց, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ ապրիլի 8-ին երեք տղամարդ Էրեբունի փողոցում դուրս են հանել 74 համարի ավտոբուսի վարորդին, ծեծի ենթարկել, վնասել ճակատը, ապա իջեցրել ուղևորներին և դիմել փախուստի։
Նշվում է, որ նույն օրն ավելի վաղ ավտոբուսի մեջ երկու երիտասարդ վիճել էին, վարորդը նրանց դիտողություն էր արել, որից հետո նրանցից մեկը մոտեցել էր վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել էր ավտոբուսից։
Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել էին ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Նրանք դուրս էին կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։
Ըստ հաղորդագրության՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։ Իրավապահները պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և ձերբակալել նրանց։






































