ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ պնդելով, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը «թույլ է հանցագործության դեմ պայքարում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցում»։
Թրամփն ընդգծել է, որ համաձայն չէ Իրանի և Վենեսուելայի հարցում Հռոմի պապի դիրքորոշման հետ։ Նա նշել է, որ «չի ուզում այնպիսի պապ, որը կհամաձայնվի Իրանի միջուկային զենքի առկայության հետ» և որը կքննադատի ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի դեմ։
Նա կարծիք է հայտնել, որ Լևոն XIV-ը չէր լինի իր ներկայիս պաշտոնում, եթե չլինեին Սպիտակ տանը տեղի ունեցող իրադարձությունները, և կոչ է արել պապին «դադարեցնել արմատական ձախերին սիրաշահելը» և «կենտրոնանալ եկեղեցու ղեկավարի իր պարտականությունների կատարման վրա»։
Պապը նախկինում քննադատել էր ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ։ Մասնավորապես, նա անընդունելի էր անվանել Իրանի քաղաքակրթությունը աչնչացնելու ամերիկացի առաջնորդի սպառնալիքները։ Զատկի ուղերձում պապն աշխարհի առաջնորդներին կոչ էր արել հրաժարվել հակամարտությունների սրումից և ընտրել երկխոսությունը։
Սուրբ Աթոռի խոսնակ Անտոնիո Սպադարոն արձագանքել է Թրամփի կողմից Հռոմի պապի հասցեին ուղղված քննադատությանը՝ այն անվանելով անզորության նշան։
«Թրամփը չի բանավիճում Լևոն XIV-ի հետ. նա աղաչում է նրան վերադառնալ այն լեզվին, որով կարող է գերիշխել։ Սակայն Հռոմի պապը խոսում է այլ լեզվով, որը չի կարող սահմանափակվել իշխանության, անվտանգության և ազգային շահերի քերականությամբ»,- գրել է Սպադարոն X սոցիալական ցանցում։






































