Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համագումարին վերընտրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ: Ուղիղ հեռարձակումն Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
Նա ստացել է 438 կողմ, 3 դեմ ձայն։ 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին անմիջական չմասնակցելու ՀՀԿ-ի որոշմանը, որի մասին հայտարարել էին ապրիլի 1-ին:
«Ես գիտեմ, որ այդ որոշումը մի մասի սրտով չէ, գիտեմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում կհաղթահարեինք կուսակցության համար անհրաժեշտ 4%-ի շեմը, բայց գիտեմ նաև մեկ այլ ճշմարտություն, որը վերահաստատում եմ այս ամբիոնից՝ մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը»,- նշել է նա:
Նախկին նախագահը, միաժամանակ, հավելել է՝ չմասնակցելը չպայքարել չէ, ՀՀԿ-ն մնալու է պայքարի առաջամարտիկներից: Սարգսյանը ներկայացրել է ընտրություններին չմասնակցելու պատճառները:
«Չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի ա) է՛լ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, բ) հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իրենց կողմից մեզ իրենց կարծիքով պիտակավորող «նախկինները խանգարում են իշխանափոխություն անել», գ) քաղաքական դաշտում սեփական «ես»-ը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ծառայենք, դ) այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները գրեթե առանց բացառությունների պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիրների օգտին»,- շեշտել է նա:
ՀՀԿ նախագահն ասել է, որ կուսակցության գործունեությունն այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ն ուղղված է լինելու համապետական ընտրություններին քաղաքացիների մասնակցության խթանմանը «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով:
«Պատիվ ունեմ» դաշինքը ՀՀԿ-ի հետ միասին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, 2021-ին չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7%-անոց անցողիկ շեմը, սակայն խորհրդարանում ներկայացված է 6 պատգամավորով, քանի որ օրենքով՝ ԱԺ-ում պարտադիր պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ՝ անկախ նրանից՝ երրորդ ուժը հաղթահարե՞լ է ընտրական շեմը, թե՞ ոչ։






































