Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2 ամսվա կալանք է կիրառել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը։
Փաստաբանները տեղեկացրել են, որ դատարանի որոշման հիմնավորումները դեռ չունեն՝ այն կհրապարակվի 1 ժամվա ընթացքում։ Նրանց խոսքով՝ դատարանում Դավիթը «մարտական, հանգիստ, տղամարդավարի պահվածք է դրսևորել»։
Փաստաբանական խումբը հաստատել է նաև Մինասյանի բնակության վայրում ապրիլի 1-ին խուզարկություններ իրականացնելու լուրը։ Քննչական կոմիտեից ավելի վաղ Armenia Today-ին չէին մեկնաբանել խուզարկությունների մասի ԶԼՄ-ներում տարածված լուրը։
Նշենք, որ ավելի ուշ՝ կալանքի որոշումից հետո, դատարանի բակում Մինասյանի մոր ինքնազգացողությունը վատացել է։
Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», երբ վարչապետն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների հետ փորձում էր դուրս գալ եկեղեցուց՝ պատարագը դեռ չավարտված: Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։
Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Միքայել Մինասյանը և Գևորգյանն ազատ էին արձակվել մարտի 31-ին՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։
Կարդացեք նաև՝




































