«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է նոր քաղաքական ուժերի հետ դաշինքների ձևավորման պատրաստակամության մասին և մտադիր է ընտրություններին մասնակցել ընդլայնված ձևաչափով, տեսաուղերձում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին, որի շրջանակներում պատրաստ են համագործակցել միավորման և Հայաստանի զարգացման ընթացքը փոխելու պատրաստ նոր ուժերի հետ։
«Մեր ժողովուրդը մեզանից միասնականություն է ուզում։ Միասնականությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն, միասնականություն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակաշրջանը պետք է մնա անցյալում»,- նշել է նա։
Կարապետյանը շեշտել է, որ դաշինքի ձևաչափը թույլ կտա արդարացնել հանրային սպասելիքները և լուծել պետության առջև ծառացած խնդիրները։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:




































