Երևանի Ազատության պողոտայի «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։ Նշվում է, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։
Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող շինությունում հրդեհի մասին ահազանգն ստացվել էր մարտի 25-ին՝ ժամը 19:12-ին։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել էր «Թիվ 3 կանչ»։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։






































