Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին քննարկել են Կասպից ծովում անվտանգության ապահովման հարցը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական էսկալացիան կանխելու հնարավոր միջոցառումների վերաբերյալ։
Բայրամովը վերահաստատել է, որ Բաքուն սպասում է Իրանի տարածքից Նախիջևանի ուղղությամբ իրականացված ԱԹՍ հարձակումների հետաքննության արդյունքներին։
Ադրբեջանական լրատվամիջոցները մարտի 5-ին հայտնել էին, որ Նախիջևանում ընկել է 2 ԱԹՍ, որոնք, ենթադրաբար, արձակվել էին Իրանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերին հանձնարարվել է պատրաստվել պատասխան գործողությունների։
Թեհրանն, իր հերթին, մեղադրել էր Իսրայելին։ Մարտի 6-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ որոշել է ամբողջությամբ դուրս բերել Թեհրանում գտնվող դեսպանատան և Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսության անձնակազմը։ Մարտի 7-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից պլանավորված «ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման» կանխման մասին։
Մարտի 18-ին Իրանի արտաքին գործերի նախարարը Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին, կդառնան Իրանի «օրինական թիրախ»։





































