Եվրոպական միությանը Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահի ամենամեծ խնդիրը Եվրամիության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է, Եվրախորհրդարանում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ելույթն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ը Youtube-ում:
«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի ԵՄ, մենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք, երբ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ»,- նշել է նա:
Սա, ըստ Փաշինյանի, Հայաստանի՝ Եվրամիությանն անդամագրման հեռանկարը դարձրել է շոշափելի: Երևանի ակնկալիքն ու խնդրանքն է, որ ԵՄ-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա, հավելել է նա:
«Դա Հայաստանի համար նույնքան կարևոր է, որքան Վրաստանի»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ Երևանի խնդիրն է այս պահին եվրոպացի գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը և նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամակցության չափանիշներին: Երբ սա տեղի ունենա, Փաշինյանի խոսքով՝ կա երկու ճանապարհ:
«Կա՛մ ԵՄ-ն մեզ կընդունի՝ որպես լիիրավ անդամ, կա՛մ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը, պարզ հարց չէ ու նաև քաղաքական որոշման խնդիր է։ Հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետև կլինենք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր»,- ասել է նա հավելելով՝ որևէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։
ՀՀ նախագահն ապրիլի 4-ին ստորագրել էր Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը:
Ըստ Փաշինյանի՝ «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական հարթակի հեղինակած օրինագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։




































