Իրաքում էլեկտրաէներգիայի համատարած անջատում է տեղի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Իրաքի էլեկտրաէներգիայի նախարարությանը։
Նշվում է, որ սկսվել են էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքներ։ Անջատման պատճառը հետաքննվում է։
Վերջին օրերին Իրաքը ենթարկվել է հարձակումների՝ Իսրայելի, Իրանի և Միացյալ Նահանգների միջև սրվող հակամարտության պատճառով։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել էր ստացած վնասվածքներից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Գերագույն առաջնորդին սպանելով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը «պատերազմ են հայտարարել աշխարհի մուսուլմաններին» և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել: Մարտի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախնական գնահատականներով՝ հակամարտությունը, ենթադրաբար, կտևի 4-5 շաբաթ, բայց չէր բացառել դրա երկարաձգման հնարավորությունը:





































