Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքի ժամանակ առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք, տեղեկանում ենք պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից։
«Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոս, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Ամեն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, վախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով վեհափառի հեղինակությունն անբաղձալի կերպով թուլանա»,- նշել է նա:
Այս խառնաշփոթ ժամանակաշրջանում, նշել է նա, Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է, և հապճեպ ու հուզական որոշումները խորացնում են հակամարտությունն ու այն դարձնում հանգուցային։ Ըստ Մաշալյանի՝ այդպիսին էր Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սարոյանի կարգալուծության որոշումը։ Նրա համոզմամբ՝ ճիշտ կլիներ սպասել Եպիսկոպոսական ժողովին և քննարկել Գևորգ և մյուս ընդդիմադիր սրբազանների հարցը։
Այս ամենից ելնելով՝ նա նկատել է՝ կաթողիկոսն այս շրջանում կարիք ունի հեղինակավոր խորհրդակցական մարմնի, որը կներշնչի սառնասրտություն և խոհեմություն։ Այդպիսի մարմինն էլ Պալսո պատրիարքը համարում է սինոդական կառույցը, որն իր կազմում կարող է ներառել նաև «որոշ ընդդիմադիր եղբայրների»։
«Այս սինոդական ձևաչափը կարող է հող նախապատրաստել կառավարության հետ ելքեր որոնելու համար։ Վեհափառը միշտ ցանկացել է նման կառույց հիմնել․ անձամբ գիտեմ, սակայն այդ գաղափարը երբեք կյանքի չի կոչվել»,- նշել է Մաշալյանն իր ուղերձում։
Նա նաև առաջարկել է սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ։
Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան հոգևորականներ չէին կարողացել մեկնել Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց հավաքին, որն ի սկզբանե նախատեսված էր ժողովի ձևաչափով: ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել վեհափառի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել էր:
ՀԱԵ Եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն էր հայտնել եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ:





































