Ձնհալից հետո Երևանի փողոցներում նոր զանգվածային փոսեր են առաջացել։ Վարորդները դժգոհում են՝ վնասվում են մեքենաները, անվադողերը պայթում են, աճում է ՃՏՊ-ների թիվը:
Փոխհատուցման համար քաղաքացիներն ստիպված են սպասել ամիսներ՝ հաճախ առանց որևէ երաշխիքի, որ դատական կարգով կհաջողվի ապացուցել քաղաքապետարանի մեղավորությունն ու բռնագանձել վնասի գումարը: Խորը փոսեր նկատելի են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։
Սոցիալական ցանցերում օգտատերերը տասնյակ տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում։ Որոշ փողոցներում խորը փոսեր կան իրար հետևից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքի ճանապարհների բազմաթիվ փոսերն առաջացել են ձմեռվա ձյունն աղով մաքրելու պատճառով։ Համեմատ նախորդ տարվա՝ 2,5 անգամ ավելի աղ ու ավազով են մշակվել փողոցները, հավելում է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նրա խոսքով՝ աշխատանքները կատարվում են «ֆորս-մաժորային պայմաններում», իսկ փոսալցման աշխատանքների համար 2026 թվականին համայնքային բյուջեից հատկացրել են 1,1 միլիարդ դրամ։
Հարցին, թե ինչպե՞ս են ստուգում՝ արդյոք աշխատանքները համապատասխանո՞ւմ են չափանիշներին, Փամբուխչյանն ասում է՝ պայմանագրերով կապալառուները երաշխավորում են որակը:
Ակտիվիստ Արթուր Չախոյանը հրապարակել է կադրեր՝ պնդելով՝ ասֆալտապատումն իրականացվում է առանց բիտումի օգտագործման։
Վարորդներրը, այդ թվում տաքսիների, Armenia Today-ին պատմել են՝ այս փոսերից երթևեկության ժամանակ ոչ միայն անիվներն են պայթում, այլև վնասվում է մեքենայի ընթացային մասը։
Վարորդներն իրենց խնդիրն այս շաբաթ բարձրաձայնել էին նաև բողոքի ակցիայի միջոցով: Նրանք պահանջում են ոլորտը դարձնել ավելի կառավարելի և պաշտպանել վարորդների իրավունքները, նվազեցնել տաքսի ծառայությունների տոկոսադրույքները, ինչպես նաև հնարավորություն տալ ամսական 200 000 դրամից ավելի վաստակող և հարկ վճարող վարորդներին գրանցվել որպես աշխատողներ, դառնալ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու, օգտվել անվճար բուժօգնությունից և հետագայում ստանալ ավելի բարձր թոշակ։
Մասնագետները նշում են՝ ճանապարհների նման վիճակը կատարված աշխատանքների տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու հետևանք է:
Փոխհատուցում ստանալու հնարավորություն կա: Վարորդները, սակայն, պետք է զինվեն համբերությամբ և դիմեն դատարան, ասում են փաստաբանները:
Կա ընթացակարգ, և կան փոխհատուցման դեպքեր, սակայն քաղաքապետարանը չի շտապում փոխհատուցել տույժը, նշում են փորձագետները:
Armenia Today-ը վերանորոգված ճանապարհների քանակի, փոխհատուցման համակարգի մասին հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, պատասխանն ստանալուն պես կհրապարակենք:
Քանի դեռ համակարգային լուծումներ չկան, քաղաքացիներն ստիպված են սեփական միջոցներով վերականգնել ավտոմեքենաները:
Մանրամասները՝ տեսանյութում:





































