Երևանի մի շարք վարչական շրջաններում 2026 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի խտության գերազանցումներ, տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ՊՈԱԿ-ից։
Ներկայացված տվյալների համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում փոշու մակարդակի գերազանցում դիտվել է ամբողջ շաբաթվա ընթացքում։
Արաբկիրում գերազանցումներ արձանագրվել են փետրվարի 4-ին և փետրվարի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 6-ին։ Շենգավիթում այս ցուցանիշի գերազանցում չի գրանցվել։
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի խտության գերազանցում փետրվարի 6-ին գրանցվել է Արաբկիրում։ Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ շրջաններում ազոտի երկօքսիդի մակարդակը մնացել է նորմայի սահմաններում։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտային օդում նշված ժամանակահատվածում Երևանի բոլոր վարչական շրջաններում չի գերազանցել թույլատրելի արժեքը։
Վերջին տարիներին Հայաստանի քաղաքների օդի աղտոտվածության ցուցանիշները հաճախ տատանվում են՝ կախված օդերևութաբանական պայմաններից, ավտոտրանսպորտի հոսքից և արդյունաբերական օբյեկտների գործունեությունից։ Ընդ որում՝ ձմեռային ժամանակահատվածում փոշու և ազոտի օքսիդների գերազանցումներն ավելի հաճախակի բնույթ ունեն։
2025-ի նոյեմբերի 24-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում օդի որակի վատթարացումը պայմանավորված է ոչ թե շինարարությամբ, այլ թունավոր հրկիզումներով, հրդեհներով և փայտով ջեռուցվող տներից արտանետումներով։




































