Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց էլեկտրոնային տարբերակով աշխատանքային պայմանագրերն ստորագրելու պահանջը 2028 թվականի հուլիսից պարտադիր դարձնելու նախագիծը։
Նախագիծն ընդունվեց 62 կողմ, 0 դեմ և 12 ձեռնպահ ձայներով։
Օրինագծի ընդունումը նշանակում է, որ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևաչափի պարտադիր կիրառումը հետաձգվելու է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը (գործող փոփոխություններով՝ 2026-ի հունվարի 1-ից այն պարտադիր էր)։ Նոր՝ փետրվարի 13-ին ընդունված կարգավորմամբ գործատուներն ու աշխատողները կարող են շարունակել աշխատանքային պայմանագրերը կնքել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով՝ առանց իրավական սահմանափակումների և պարտադիր պահանջների․ էլեկտրոնային տարբերակը կարող է կիրառվել կամավոր հիմունքով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ 2024-ի դեկտեմբերի 4-ին Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել էր, որ 2026-ի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումն ու դադարեցումը պետք է իրականացվեն բացառապես թվային համակարգով։ Միաժամանակ նախատեսվել էր, որ 2026-ի ընթացքում ժամանակ կտրվի գործող պայմանագրերի թվայնացման համար։
Նախարարը նշեց, որ համակարգն արդեն գործում է, և պայմանագրերը հնարավոր է կնքել էլեկտրոնային տարբերակով, սակայն գործընթացը պահանջում է էլեկտրոնային ստորագրություն։ Նրա դիտարկմամբ՝ գործատուների դեպքում այդ հարցը վաղուց լուծված է, քանի որ էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է հարկային հաշվետվությունների ներկայացման համար, սակայն աշխատողների մի մասի մոտ խնդիր է առաջացել նույնականացման քարտերի բացակայության պատճառով։
Թորոսյանի տվյալներով՝ մոտ 200 հազար աշխատող ունի գրանցված աշխատանքային պայմանագիր, սակայն չունի ID քարտ, մինչդեռ ավելի քան 600 հազարն այն արդեն ստացել է։ Նա ընդգծեց, որ պետությունը չի ցանկանում, որ քաղաքացիները զրկվեն իրենց աշխատանքային իրավունքներից միայն այն պատճառով, որ չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտ։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ տարվա վերջից նախատեսվում է ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեսակի նույնականացման քարտերի համակարգ՝ պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով, և նոր համակարգը թողունակության խնդիր չի ունենալու։ Թորոսյանի համոզմամբ՝ ներկայիս համակարգը ծանրաբեռնված է, և քարտերի տրամադրման համար հերթեր են գոյացել։
Ավելի ուշ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային ստորագրելու պահանջը հետաձգելու նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։
Կարդացեք նաև՝
Աշխատանքային հարաբերությունները ՀՀ-ում թվայնացվում են․ ինչպե՞ս է այն գործելու
Նյութը թարմացվել է 16։40-ին։




































