ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաստաթուղթն ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Կանոնադրության ստորագրումից հետո Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները մտնում են «բոլորովին նոր փուլ»։ Նա նշել է, որ կողմերը կշարունակեն համագործակցել անվտանգության և հակաահաբեկչական գործողությունների, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ համագործակցություն հաստատելու հարցում։
Վենսն, իր հերթին, ընդգծել է, որ TRIPP նախագիծն արդեն իսկ իրականացվում է։ Նրա խոսքով՝ նախագիծը լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի համար և թույլ կտա Բաքվին ավելի արդյունավետ արտահանել բնական պաշարներ։ ԱՄՆ փոխնախագահը շեշտել է, որ դա կնպաստի «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կայունության ամրապնդմանը»։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին կտրամադրի նոր նավեր՝ այդ երկրի տարածքային ջրերը պաշտպանելու համար։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կանոնադրության համաձայն՝ ԱՄՆ-ն և Ադրբեջանը համաձայնել են համագործակցել տարածաշրջանային կապը զարգացնելու հարցում՝ կենտրոնանալով Տրանսկասպյան տրանսպորտային երթուղու վրա, հայտարարել են տնտեսական կամ առևտրային երկխոսության հարթակներ ստեղծելու հնարավորության և հայտնել նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին։
Բացի այդ, ԱՄՆ-ն կխթանի Բաքվի հետ համագործակցությունը տիեզերական աշխատանքների և թվային ենթակառուցվածքների ներդրումների ոլորտում, ներառյալ՝ Ադրբեջանում արհեստական բանականության տվյալների կենտրոնների ստեղծումը։ Երկու կողմն էլ մտադիր է ընդլայնել պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանական արտադրանքի մատակարարման ոլորտում։
Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վենսն ստորագրել էին համատեղ հայտարարություն՝ ամփոփելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։




































