ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, որը դադարեցնում է հունվարի 31-ից սկսված դաշնային կառույցների աշխատանքի մասնակի դադարեցումը՝ շաթդաունը, հաղորդում է CNN-ը:
Կառավարության ֆինանսավորման վերականգնման մասին օրինագծին նախքան նախագահի ստորագրելը կողմ էր քվեարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, աջակցել էր 217 կոնգրեսական, դեմ էր արտահայտվել 214-ը:
Սենատում դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնեցրել են ծախսերի մասին հինգ օրինագծի փաթեթ, սակայն բացառել են վեցերորդը, որը վերաբերում է Ներքին անվտանգության նախարարության (IBO) ամբողջական ֆինանսավորմանը: Փոխարենը՝ սենատորները համաձայնեցրել են այդ գերատեսչության ժամանակավոր ֆինանսավորումը երկու շաբաթով, որպեսզի օրենսդիրները ժամանակ ունենան հարցի շուրջ տարաձայնությունները մշակելու համար: Եթե այս պահին կոնգրեսականները չկարողանան համաձայնության գալ, ԱՄՆ-ին սպասում է ևս մեկ, մասշտաբներով սահմանափակ, մասնակի շաթդաուն։
Սենատի, այնուհետև Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագծերի փաթեթը վերաբերում է գերատեսչությունների ֆինանսավորմանը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:
ԱՄՆ-ում 2025-ի աշնանը 40 օրից ավելի շաթդաուն էր: Պետական բազմաթիվ ծառայություններ հոկտեմբերից չէին գործում, շուրջ 1,4 միլիոն դաշնային ծառայող գտնվել էր անվճար արձակուրդում կամ աշխատել առանց վարձատրության։ Սննդային օգնության ծրագրերը նույնպես կասեցվել էին, իսկ օդային հաղորդակցությունը խափանվել էր ամբողջ երկրում։






































