Հայաստանի էներգետիկ համակարգը տեխնիկապես պատրաստ է միանալ չորս հարևան երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան էջում:
Ըստ նրա՝ դա ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այլև կապահովի էլեկտրացանցի կայունությունը, ինչպես որ այժմ տեղի է ունենում Հայաստանի և Վրաստանի, նաև Հայաստանի և Իրանի միջև։ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի էլեկտրացանցը հարևանների էլեկտրացանցերին միացնելը տեխնիկապես հնարավոր է, և որ որևէ խոչընդոտ չկա։
«Տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա, մնացած մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին»,- հավելել է նա։
Խուդաթյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա ընթացքում այց է կատարել նաև Թուրքիա, հանդիպել էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ, սակայն ժամկետների և տեխնիկական լուծումների մասին ամփոփում իրականացված չէ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին հայտարարել էր, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, օգտվելու են նույն պայմաններով:



































