«Եռաբլուր» զինվորական պանթեոնի բոլոր գերեզմաններին մոտենալու հնարավորություն չկա, լրագրողներին ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա այսպես է արձագանքել լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն «Արցախի կանչը» հուշարձանին պաշտոնատար անձանցից մոտեցող չեղավ և միթե 2023 թվականին Արցախում հայեր չեն զոհվել։
Սարգսյանը պարզաբանել է, որ պանթեոնն ունի հուշարձան, որտեղ էլ խոնարհել են ծաղիկներ, ինչպես նաև դրական է գնահատել հունվարի 27-ը հիշատակի օր դարձնելու ԱԺ որոշումն ու նշել, որ սեպտեմբերի 27-ը նպատակահարմար չէր։
«ՀՀ-ն բազմաթիվ ռազմական գործողությունների շրջաններ է ունեցել։ Հստակ որևէ օր չի դրվել հիմքում․ հավաքական, բոլոր հարցերն ի մի բերելու տրամաբանությամբ է ընտրվել այս օրը»,- շեշտել է նա։
Սարգսյանը խուսափել է պատասխանել Ջերմուկի հատվածից ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչների մասին հարցին, նա նշել է, որ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի տիրույթում է, և սահմանազատման գործընթացի ավարտին կտրվի հստակ պատասխան։
«Կա հանձնաժողով, որն զբաղվում է սահմանագծմամբ և սահմանազատմամբ, և այդ հանձնաժողովի արդյունքներով էլ հարցը վերջնական լուծում կստանա»,- նշել է նա։
Սարգսյանը մեկնաբանել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը կանանց՝ ՀՀ ԶՈւ-ն համալրելու կարևորության մասին։ Նա ասել է, որ ըստ նախագծի՝ կանայք «կամավոր պարտադիր» սկզբունքով են ծառայում։
«Եթե իմ քույրը կամ իմ դուստրը ցանկություն հայտնի ծառայելու, ես, միանշանակ, կողջունեմ։ Եթե ցանկություն հայտնած լինեին, ես կասեի, որ իմ քույրը կամ դուստրը ծառայում են այսինչ զորամասում»,- հավելել է փոխնախարարը։
Սարգսյանը հերքել է ԶՈւ գնդերեցների նկատմամբ «եկեղեցու բարեգորոգմանը» միանալու շուրջ ճնշումները՝ նշելով, որ դա իրականության հետ կապ չունի։ Նա նաև հերքել է բանակում ինքնասպանություններին դեպքերի աճը և անպատասխան թողել մահվան վերջին դեպքի առնչությամբ ձերբակալվածին բացահայտելուց՝ նշելով, որ նախաքննություն է ընթանում։
2022-ի նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք հիմա գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
Նույն թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա էին սկսել ՀՀ նկատմամբ՝ գնդակոծելով Գորիսի, Սոթքի և Ջերմուկի դիրքերը: Պաշտոնական տվյալներով՝ 2022-ի երկօրյա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 233 զոհ էր ունեցել։





































