Կայուն ղեկավարն ու տնտեսական քաղաքականությունն են բերում ներդրումներ, այսպիսի ղեկավարը բիզնես չի խլում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մենք ունենք միկրոշրջանառության հարկով, մոտավորապես, 100 000 ընկերություն, 69 000 ընկերություն՝ շրջհարկով։ Մենք ասում ենք այս 69 000 ընկերությանը՝ դուք հարկ չեք վճարելու։ Ձեր վճարած հարկը, մեր բյուջեի ընդամենը 2,5 %-ն է, դրա կարիքը չկա։ Ամբողջ հարկային համակարգն ազատվում է վարչարարության այն մասից, որ այդ 69 000 ընկերությունն է անում։ Մեր խնդրանքն է, որ դուք կարողանաք վերահսկել միջին ընկերությունը, որ չտրոհվեն այս 69 հազարը։ Ընկերությունների ամբողջ վարչարարությունը ձեզանից ազատում ենք, այսինքն՝ մի 10 անգամ հեշտացնում ենք իրենց գործը, չեմ կարծում, որ մեր հարկային համակարգը, որը հիմա էլ շատ էֆեկտիվ է գործում, մեր երկրի էֆեկտիվ գործող կառույցներից է, ես կասեի նաև շատ էֆեկտիվ, այս հարցը չկարողանա լուծել»,- ընդգծել է նա:
Կարապետյանը խոսել է նաև ներմուծման մասով առաջարկվող փոփոխություններից։
«Ուսումնասիրեցի Վրաստանի օրինակը, այնտեղ կա զուգահեռ ներմուծում՝ մոտ 30% էժան, նրանք, օրինակ, դեղերը զուգահեռ ներմուծում են Թուրքիայից, և եթե դեղը Թուրքիայում արդեն արտոնագրված և գրանցված է, նաև նույն պրոցեդուրան Վրաստանում չի գնում և էժան է լինում 30%-ով։ Դա կբերի նրան, որ հնարավոր կլինի հանել ավելացված արժեքի հարկը»,- նշել է նա։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան ներկայացվել էին հունվարի 20-ին, դրանց թվում են 300 հազար նոր աշխատատեղը ու արդյունաբերացումը:
Կարապետյանի նախաձեռնած քաղաքական ուժը փետրվարի 12-ին կհայտարարի վարչապետի թեկնածուին:





































