Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկում են Առողջապահության նախարարության հետ միավորման և մեկ միասնական կառույց ստեղծելու նախագիծը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական կառույց, որը հավակնում է գլխավորել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը համակարգի ներսում դժգոհությունների տեղիք է տվել։ Իրականացվող փոփոխությունն աշխատակիցների շրջանում դիտարկվում է որպես իշխանության կենտրոնացման փորձ և «մեգանախարարության» ստեղծում, այլ ոչ թե կառավարման բարեփոխում։
Պարբերականը պնդում է, որ Թորոսյանի թեկնածության նկատմամբ անվստահությունը պայմանավորված է նաև իրավապահ մարմիններում քննվող գործերով, որոնք վերաբերում են նրա պաշտոնավարման շրջանին, մասնավորապես՝ քովիդի կառավարման գործընթացին։
Նախագծի վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Ավելի ուշ Թորոսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ իրեն հայտնի չէ, թե որտեղից են այդ խոսակցությունները։
«Տարբեր մոդելներ կան տարբեր երկրներում, մեր երկրում ընտրված է այս մոդելը։ Ես սուպեր ոչինչ չեմ անում, ես սովորական մարդ եմ, այս պահին նախարար եմ աշխատում»,- պարզաբանել է նա։
Թորոսյանը 2025-ի օգոստոսին էր նշանակվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, նախքան այդ նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, իսկ ավելի վաղ ղեկավարում էր Առողջապահության նախարարությունը:





































