Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայ-թուրքական սահմանի «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են։
Հրապարակման համաձայն՝ ենթակառուցվածքային աշխատանքներ են ընթանում Իգդիրում գտնվող թուրքական «Ալիջան» անցակետում և Արմավիրի մարզում գտնվող հայկական «Մարգարա» անցակետում։ Թուրքական կողմից կառուցվում են մաքսային և սահմանային ընթացակարգերի համար նախատեսված շենքեր, ինչպես նաև տեղադրվել են տեղեկատվական և գովազդային նյութեր Հայաստանից ժամանողների համար։
Թուրքական կողմը նաև իրականացրել է գովազդային և տեղեկատվական աշխատանքներ. տեղադրվել են պաստառներ և ցուցանակներ՝ Իգդիրը և տարածաշրջանը հայ քաղաքացիներին ներկայացնելու համար, ովքեր կկարողանան մուտք գործել Թուրքիա այս անցակետով։
2025 թվականի դեկտեմբերին անցակետի թուրքական կողմում հայտարարվել էր նախապատրաստական աշխատանքների մասին, որոնք ուղղված են դրա սկզբնական բեռնափոխադրումների, ապա ուղևորափոխադրումների բացմանը։ Այս քայլերը տեղի են ունենում դիվանագիտական շփումների և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ քննարկումների ֆոնին։






































