ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ հարկերը հանած՝ 6-7 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Նա այս մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, որ այս տեղեկատվությունը բաց է և ճշգրտված կտեղադրվի իր եկամուտների հայտարարագրում։
«Սա հավելավճար է, որը հանրության աչքին ներկայանալու է որպես միանվագ վճարում, բայց ես այն համարում եմ տարվա ընթացքում կատարված աշխատանքի պարգև»,- ասել է Գալյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է և ապագայում ձեռնարկել ավելի ռադիկալ միջոցներ՝ վերանայելով պետական պաշտոնյաների վարձատրության ընթացակարգերը։ Սակայն, քանի որ սա երկարատև գործընթաց կլիներ, այս փուլում որոշում է կայացվել պարգևավճարներ հատկացնել կառավարության կատարողականի հիման վրա՝ կատարված աշխատանքների տոկոսային հարաբերակցությամբ։
«Շատ երկար է կառավարության կողմից քննարկվել մեթոդաբանությունը, և որոշում է կայացվել պատճառաբանված կերպով բաշխել պարգևավճարները, կամ կարող ենք դա համարել աշխատանքի վարձատրություն, որովհետև իրական են տրամաբանությունն ու էությունն այդ կարգավորման ու կառավարության համապատասխան որոշման։ Ես այսօր տեսա, որ ասվում է՝ հույժ գաղտնի է, բացարձակ գաղտնի չէ, հրապարակային է: Սիրելի՛ հայրենակիցներ, կարող եք ծանոթանալ դրա բովանդակությանը, որոշում է կայացվել, որ պատճառաբանված տարբերակով պետք է տեղի ունենա»,- նշել է Գալյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ կառավարության անդամները, դատավորները և իրավապահ մարմինների ներակայացուցիչները և օրենսդիր իշխանությունները կատարում են այնպիսի աշխատանք, որը պետք է բարձր գնահատվի։
Գալյանը հավելել է, որ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո իր աշխատավարձը ցածր էր, քան ստացել էր որպես Գլխավոր դատախազի տեղակալ։
«Ես կարող էի հրաժարվել, բայց ուրախ եմ, որ ընտրեցի այս ուղին»,- նշել է նա։
Կառավարության մամուլի ծառայությունն «Արմենպրես»-ին ի պատասխան՝ հայտարարել է, որ կառավարությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին ընդունել էր Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը, իսկ կառավարության 2025 դեկտեմբերի 4-ի նիստում՝ պետական մարմիններին գումար հատկացնելու վերաբերյալ որոշումը։ Նշված փաստաթղթերն առհասարակ գաղտնիության բնույթ չունեն։
Հունվարի 13-ին մամուլը գրել էր, որ ՀՀ նախարարներն ու փոխնախարարները դեկտեմբերին միլիոնավոր դրամների պարգևավճարներ էին ստացել։ Ազգային ժողովի պատգամավորները տարվա ավարտին ստացել էին մինչև մոտ 3 միլիոն դրամի հավելավճարներ։



































