Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը խոչընդոտել է տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի մատուցումը, հայտնել է Միջնաբերդ ազգային արժեքների պաշտպանության կոմիտեն։
Պատարագը պետք է անցկացներ Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը։
Կոմիտեից նշել են, որ հունվարի 11-ի առավոտյան պատարագի ընթացքում եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Սափեյանի և նույն համայնքի բնակիչների միջև:
«Սափեյանի մտքերից պարզ է դառնում, որ վերջինս թալինցի-երևանցի բաժանարար կոչ է անում, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերվում է որպես կուռքի՝ իր վրա վերցնելով Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը խոչընդոտելու պատասխանատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Սափեյանը որևէ կերպ չի մեկնաբանել այս հաղորդագրությունն ու պնդումները:
Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը նույնպես, ըստ Արագածոտնի թեմի, խոչընդոտվել էր Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ հայտարարված նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։
Փաշինյանը դեկտեմբերի վերջին կոչ էր արել բողոք հայտնել Հայ Առաքելական եկեղեցու պատարագի ժամանակ, եթե լսվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը։ Վարչապետի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կանոնական դաշտ վերադառնալու երկարատև հորդորներից հետո Գարեգին Երկրորդը հունվարի 10-ին պաշտոնանկ էր արել 10 եպիսկոպոսներից մեկին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին:





































