Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ Armenia Today-ի խնդրանքով խոսել է երևանցիններին հուզող մի շարք առաջնահերթ խնդիրների մասին։ Մտահոգող հարցերը հասցեագրվել են երևանցիների շրջանում մեր փողոցային հարցումների հիման վրա։
Աջափնյակի մետրոյի հարցով կառավարության հատուկ որոշմամբ կստեղծվի կառավարման Fidic մոդել
Քաղաքապետարանի որոշումը՝ Աջափնյակի մետրոյի գումարն ուղղել 45 տրոլեյբուսի գնմանը, քաղաքապետի խոսքով՝ դարձել է իրականությանը չհամապատասխանող տեղեկության տարածման պատճառ, իբրև թե մետրոյի նախագիծը խափանվել է, փոխվել է և այլն։ Ավինյանն այսպես է արձագանքել Armenia Today-ին հարցին, թե արդյոք մետրոյի նախագծով փոխվե՞լ է կապալառուն՝ երկիրը, որի հետ համագործակցել է։
Նրա խոսքով՝ նախագիծը բոլոր փորձաքննություններն անցել է, և յուրաքանչյուր փորձաքննություն տևել է 1,5 տարի։
«Շատ բարդ նախագիծ է, բավական բարդ մեկնաբանություններով վերադարձվել է նախագծողին, նախագծողն ինչ-որ բաների արձագանքել է։ Հաջորդ տարի այդ նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով կիրականացվի կառավարման Fidic մոդել, ներգրավելու ենք տեխհսկող, որն ունի այս տեսակ ծրագրեր կառավարելու փորձ»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ կառավարությունը չունի այսպիսի մեծ ծրագրի կառավարման փորձ, հետևաբար՝ ավելի լավ է մի փոքր ավելի երկար ժամանակ ծախսվի նախագծային փուլերի, գրագետ տեխհսկողություն ունենալու վրա, որպեսզի շինարարության ընթացքում հնարավոր լինի վերասկողության տակ պահել որակն ու ժամանակը։
Նուբարաշենում կենցաղային թափոնների կառավարման նոր գործարանի կառուցման մրցույթ կանցկացվի
Նուբարաշենի հարակից տարածքում կենցաղային թափոնների կառավարման նոր գործարանի կառուցման երկփուլ մրցույթը հայտարարված է, որի ժամկետն է մինչև մարտի 27-ը, հայտարարել է Ավինյանը։ Armenia Today-ին հարցին, թե ի՞նչ փուլում է աղբավայրի այլընտրանքային ենթակառուցվածքի ստեղծումը, քաղաքապետը պարզաբանել է, որ մրցույթը հայտարարվել է։
«Մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ունեն աղբի վերամշակման կառավարման ոլորտում փորձ, խնդրում, խրախուսում ենք, որպեսզի մասնակցեն այս մրցույթին։ Բացի այս պրոցեսից (քանի որ սա կարևորագույն մեր նախընտրական խոստումներից մեկն էր), ՏԿԵՆ գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ իրականացնում ենք զուգահեռ ծրագիր, որը նույնպես, այսպես ասած, մեկ երկրորդ հնարավորություն է այս ոլորտում լուծում տալու»,- նշել է քաղաքապետը՝ պարզաբանելով, որ կշարժվեն այն ճանապարհով, որով ամենաարագ և արդյունավետ լուծում կստանան։
Քաղաքապետարանը չի պատրաստվում արտոնյալ պայմաններով տարածք հատկացնել փողոցային առևտրով զբաղվողների համար
Փողոցային առևտուրն օրինական գործունեություն է, և ավելի հարմար պայմաններ ստեղծել անօրինական գործունեության համար, քաղաքապետարանը չի պատրաստվում, նշել է Ավինյանը։ Նա այսպես է արձագանքել Armenia Today-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք քաղաքապետարանը փողոցային առևտրով զբաղվողներին արտոնյալ պայմաններով տաղավարներ, քաղաքաապատկան տարածքներ հատկացնել։
«Լուծումները, որոնք առաջարկվել են, այն շահութաբերությունը չեն ապահովում Ձեր ասած մարդկանց համար և այդ պատճառով նրանք շարունակաբար մերժում են այդ առաջարկները»,- ասել է քաղաքապետը։
Միջնաժամկետում՝ տրանսպորտի ամբողջական շարժակազմ, երկարաժամկետում՝ Աջափնյակի կայանի շինարարություն
Քաղաքապետը հայտարարել է, որ տրանսպորտի հարցը լուծվելու է 3-5 տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ 12-մետրանոց 45 նոր տրոլեյբուսի գնման պայմանագիր է կնքվել: Ավինյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում իրականացրել են կանգառների կահավորումներ, որոշ կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ են տեղադրվել: Բացի այդ, ավելացրել են ավտոբուսային գծերի քանակը:
«Առաջին հերթին՝ հետիոտնին առաջնահերթություն տալը, երկրորդ հերթին՝ հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն այլընտրանք չունի: Մենք պետք է գիտակցենք, որ նաև խցանումների կառավարման տեսանկյունից պետք է մեր շարժակազմերն ավելացնելով՝ մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք հանրային տրանսպորտ: Սրա մասին է Աջափնյակի կայարանի կառուցումը, սրա մասին են նոր գնվող տրոլեյբուսները, սրա մասին է 250 հատ 18-մետրանոց ավտոբուսների գնումը, որ պետք է իրականացնենք մոտ 2 տարի հետո»,- շեշտել է Ավինյանը:



































