Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն՝ ընդգծելով, որ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել այս հարցը:
Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Չեքիջյանի երկարամյա վաստակը:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։
Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:
Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:
Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ Չեքիջյանի օրոք երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։
Դեկտեմբերի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունեցել համերգ՝ նվիրված Չեքիջյանի ծննդյան 97-ամյակին։ Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ հնչել էր Բեռլիոզի «Ռեքվիեմը»։






































