Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ու «Մեր ձևով» շարժումը միավորվելու շուրջ պայմանավորվածություն չունեն, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Միասնության թևեր» շարժման նախաձեռնող Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը, ըստ թերթի, ՀԱԿ-ի համար նույնպես փակված է, քանի որ ասուլիսում նրա հայտարարությունից, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը նախկին նախագահների չառաջադրվելն է, վիրավորվել են։
Ամիսներ առաջ էլ ՀԱԿ-ի, Թաթոյանի, ԼՀԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, «Ապրելու երկրի» և Կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի միջև էին կոնսուլտացիաներ ընթանում` միավորման օրակարգով, նշել է լրատվականը։ Թերթի տեղեկությամբ՝ Սուրենյանցը գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ճակատում կլինի, իսկ մյուս ուժերի հարցում դեռ անորոշություն է։
Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին:




































