Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել Կիևի կողմից որոշ տարածքների կորստի ճանաչումը անվտանգության երաշխիքների դիմաց, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Երկիրը հրադադարի, կրակի դադարեցման կամ խաղաղության համաձայնագրի շրջանակներում կարող է խոստովանել, որ կորցրել է որոշակի տարածքներ, և որ դրանք սառեցված են։ Նա չի ճանաչում, որ դրանք գտնվում են մեկ այլ պետության ինքնիշխանության ներքո, բայց ճանաչում է, որ կորցրել է դրանք ռազմական գործողությունների արդյունքում։ Սա չի հակասում միջազգային իրավունքին»,- ասել է Մակրոնը, այսպես կոչված, կամավորների կոալիցիայի տեսահանդիպումից հետո։
Մակրոնը հավելել է, որ հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքային կորուստների ճանաչումը այն պայմանով, եթե Ուկրաինային տրամադրվեն անվտանգության երաշխիքներ։
Օգոստոսի 17-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանը զիջումների է գնացել Ուկրաինայի հինգ շրջանների հարցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալյասկայում կայացած գագաթնաժողովում Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի պատերազմի հնարավոր լուծման տարբերակներ։
ՌԴ և ԱՄՆ նախագահները բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Հանդիպումից հետո կողմերը, մասնավորապես, հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, բայց մի շարք հարցերի առումով դեռևս համաձայնություն չկա։ Պուտինը շեշտել էր, որ առճակատման ժամանակն անցել է և Թրամփին հրավիրել է Մոսկվա։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինն առաջարկել էր սառեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի ճակատի մեծ մասում, եթե Կիևը դուրս բերի զորքերը Դոնեցկի մարզից։






































