Կրեմլում մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների հնարավարության վերաբերյալ հարցը, հայտնել է «Ռիա Նովոստին»։
«Պուտինը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է բանակցություններ վարել Զելենսկու հետ, բայց պետք է հաշվի առնել նրա լեգիտիմության իրավական ասպեկտները»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Վերջինս տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր ժամկետների մասին դեռ հստակություն չկա:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը այս փուլում չի ցանկացել գնահատել Ուկրաինայի հարցով փետրվարի 18-ին Էր Ռիադում մեկնարկած ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքը։
«ՌԴ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր են սկսվել, դեռ վաղ է գնահատականներ տալը»,- ընդգծել է Պեսկովը։
Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
Փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները։