ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հայրենիքի առաջ ունեցած վաստակի համար» IV աստիճանի շքանշանով պարգևատրել է հայազգի անվանի սրտանոթային վիրաբույժ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին։ Պուտինի հրամանագիրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Ալեքյանը, որն զբաղեցնում է Վիշնևսկու անվան վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնը, պարգևատրվել է «առողջապահության ոլորտում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։
Ալեքյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 15-ին՝ Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո շարունակել է գործունեությունը Ռուսաստանում՝ դառնալով սրտանոթային և էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։ Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, 2011 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։






































