Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։
Կառավարող կոալիցիայի մաս կազմող Առաջադեմ կուսակցությունը կոչ է արել նախագահ Էդգարս Ռինկևիչսին խորհրդակցություններ սկսել նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ։
Չորեքշաբթի օրը Սիլինայի հետ հանդիպման ժամանակ Առաջադեմ կուսակցությունը չէէր կարողացել փոխադարձաբար գոհացուցիչ համաձայնության գալ և ընդունել էր, որ կառավարությունը գործնականում կորցրել է իր կարողությունները։
Սիլինան հրաժարական տալու որոշումը կայացրել է, երբ որոշել էր ազատել Առաջադեմ կուսակցության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսին Լատվիայի տարածք թռչող անօդաչու թռչող սարքերի միջադեպերից հետո։
Սպրուդսը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ ստանձնելով միջադեպերի քաղաքական պատասխանատվությունը, սակայն Առաջադեմ կուսակցությունը հայտարարել է, որ վարչապետն անկարող է պատասխանատու կերպով ղեկավարել երկիրը և որ կա երկու տարբերակ՝ կա՛մ անվստահության քվեարկություն հայտարարել, կա՛մ հրաժարական տալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու անօդաչու թռչող սարք հատել էին Ռուսաստանի սահմանը և մտել Լատվիայի տարածք։ Ազգային ոստիկանության տվյալներով՝ նավթի պահեստում կարճ ժամանակով հրդեհ էր բռնկվել, սակայն հրշեջները արագորեն մարել էին այն։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերը Լատվիա էին մտել «ռուսական էլեկտրոնային պատերազմի» արդյունքում։
«Հետաքննություններն ապացուցել են, որ սա ռուսական կանխամտածված էլեկտրոնային պատերազմի արդյունք էր, որի արդյունքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կանխամտածված կերպով շեղվել են Ռուսաստանում գտնվող իրենց թիրախներից»,- ասել էր Սիբիգան։





































