Վաշինգտոնի Washington Hilton հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել, կա վիրավոր, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ հնչած կրակոցների պատճառով ԱՄՆ գաղտնի ծառայությունը բեմից տարհանել է նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկը չի տուժել:
Հրաձգության հետևանքով ԱՄՆ գաղտնի ծառայության մեկ աշխատակից ստացել է հրազենային վնասվածք, սակայն զրահաբաճկոնը փրկել է նրա կյանքը։ Նշվում է, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
CNN-ի փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են հիմնական անցակետի մոտ, որտեղ տեղադրված են մետաղորսիչներ։ Reuters-ը հավելել է, որ զինված տղամարդը փորձել է ճեղքել հյուրանոցի նախասրահում գտնվող հսկիչ-անցագրային կետը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները կրակ են բացել նրա ուղղությամբ:
Reuters-ի տվյալներով՝ հարձակվողը զինված էր որսորդական հրացանով (դրոբովիկ), ատրճանակով և մի քանի դանակով: Նախնական տվյալներով՝ նա գործել է միայնակ և հանդիսացել է տվյալ հյուրանոցի այցելու։
Թրամփը Truth Social սոցիալական ցանցում ավելի ուշ գրել է, որ հրաձիգը ձերբակալված է։
«Թող շոուն շարունակվի»,- գրել է նա։
CBS News-ը գրել է, որ կասկածյալը Տորանս քաղաքից 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն է, որը ձերբակալությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման: Նշվում է, Ալենը խոստովանել է, որ մահափորձ էր ծրագրել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների դեմ:
Նախքան միջադեպը նա աշխատել է C2 Education ընկերությունում՝ որպես ուսուցիչ: Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերին Ալենը 25 դոլարի նվիրատվություն էր կատարել Քամալա Հարիսի նախընտրական քարոզարշավին:
Ալենին արդեն պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել երկու հոդվածով՝ բռնի հանցագործություն կատարելու նպատակով հրազենի կիրառում և հարձակում դաշնային գործակալի վրա՝ վտանգավոր զենքի օգտագործմամբ: Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ կասկածյալը դատարանի առաջ կկանգնի առաջիկա երկուշաբթի օրը:
Թրամփը միջադեպի վայրից տարհանվելուց կարճ ժամանակ անց Սպիտակ տանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա չի բացառել, որ հենց ինքն էր հրաձգության հիմնական թիրախը: Միևնույն ժամանակ, Թրամփը կասկած է հայտնել, որ տեղի ունեցածը կարող է որևէ կապ ունենալ Իրանի դեմ իրականացվող ամերիկյան ռազմական գործողությունների հետ:
«Սա ինձ չի խանգարի հաղթել Իրանի պատերազմում»,- հայտարարել է Թրամփը։
Թարմացված է՝ 26.04.2026 | 12:30





































