Իսրայելական բանակն սկսել է սահմանափակ և թիրախային ցամաքային գործողություններ իրականացնել Լիբանանի հարավում՝ ընդդեմ «Հեզբոլլահի» առանցքային հենակետերի, հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գործողության նպատակն է ամրապնդել պաշտպանության առաջնագիծը և ազատել տարածքը «Հեզբոլլահ» շարժման զինյալներից։ Ըստ Իսրայելի՝ զինյալները վտանգ են ներկայացնում հյուսիսի բնակիչների անվտանգության համար: Գործողության մեկնարկին նախորդել են հրետանային և օդային հարվածներ:
Ըստ լիբանանյան L'Orient աղբյուրի՝ մարտեր են ընթանում հատկապես Մարջայունի շրջանի Խիամ ռազմավարական գյուղի մոտ: Նույն լրատվամիջոցի պնդմամբ՝ իսրայելական ռազմաօդային ուժերը կիրակի գիշերվա դրությամբ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի 29 բնակավայրի, այդ թվում՝ Բեյրութի արվարձաններում գտնվող «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներին:
Միաժամանակ, «Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական դիրքերի և զինվորականների ուղղությամբ մի շարք հարձակումների մասին՝ օգտագործելով հրետանի: Որոշ շրջաններում, ինչպիսիք են Անսար և Դուեյր բնակավայրերը, իշխանությունները բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները:
Չնայած ռազմական գործողությունների ինտենսիվացմանը՝ Yeni Shafaq լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Իսրայելը ձգտում է ընդլայնել իր վերահսկողությունը մինչև Լիտանի գետը՝ սահմանից հետ մղելով «Հեզբոլլահի» ուժերը:
Գործողությունը ծավալվում է տարածաշրջանում լարվածության կտրուկ աճի ֆոնին: Այն սկսվել էր, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով զոհվել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի թիրախների, իսկ նրա դաշնակից «Հեզբոլլահը» մարտի 2-ին հրթիռային հարձակում էր սկսել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Դրանից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին, իսկ Իսրայելի Գլխավոր շտաբի պետը հայտարարել է լայնածավալ հարձակողական գործողություն սկսելու մասին, որը կարող է տևել «երկար օրեր»:































