Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց «Համահայկական ճակատ» կուսակցությունն ակցիա է իրականացրել՝ փորձելով ԱՄՆ պաշտոնյային դեսպանատան միջոցով նամակ հանձնել։
Ակցիայի մասնակիցներն ԱՄՆ փոխնագահի Երևան, այնուհետ Ադրբեջան այցին ընդառաջ՝ նամակով ամերիկյան կողմից պահանջել են բարձրաձայնել Բաքվում պահվող հայ գերիների և անհայտ կորածների հարցը, դատապարտել Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործողությունները և հետամուտ լինել Արցախի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը։
«Համահայկական ճակատի» անդամ Ռուզաննա Ստեփանյանը հայտնել է, որ ակցիայի մասնակիցների մեջ են ծնողներ, որոնք տարիներ շարունակ որևէ տեղեկություն չունեն իրենց անհետ կորած կամ գերեվարված զավակների մասին։ Նրա խոսքով՝ կան նաև ընտանիքներ, որոնք Արցախում իրենց երեխաներին հուղարկավորել են արտակարգ պայմաններում՝ առանց քրիստոնեական պատշաճ արարողությունների և արտաշիրիմում են պահանջում։
Նա ընդգծել է, որ կուսակցության անունով Վենսին ուղղված նամակում անհետ կորածների հարցով պահանջում են ոչ թե հայտարարություններ, այլ կոնկրետ որոնողական աշխատանք։ Նա նշել է, որ նամակն ստորագրել են նաև անհետ կորածների և գերիների ծնողները։ Ստեփանյանի խոսքով՝ Բաքվի բանտերում այսօր կան խոշտանգումների ենթարկվող և նվաստացվող հայ ռազմագերիներ, իսկ անհետ կորածների հարցում Ադրբեջանի ոչ համագործակցային վարքագիծը միջազգային հանցագործություն է։
Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակին՝ նա հայտարարել է, որ վերջին շրջանում իրականացվում է նպատակային քաղաքական ճնշում եկեղեցու նկատմամբ, ինչը, նրա գնահատմամբ, հակասում է ՀՀ սահմանադրությանը։ Ակցիայի մասնակիցները դեսպանատան դիմաց բարձրաձայնել են նաև քաղաքական հետապնդումների մասին։ Ստեփանյանը նշել է, որ նամակում ամփոփված են բոլոր հումանիտար պահանջները, և ակնկալվում է պաշտոնական արձագանք։
«Եթե այս հումանիտար հարցերը չեն լուծվում, ապա խաղաղության մասին խոսելն այս տարածաշրջանում միֆ կլինի»,- ընդգծել է Ստեփանյանը՝ հավելելով, որ խաղաղությունը կարող է լինել միայն արժանապատիվ։
Ստեփանյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ դեսպանատանը հրաժարվել են նամակն առձեռն վերցնել՝ նոր ընթացակարգերի պատճառով։ Նրա խոսքով՝ դեսպանատան աշխատակիցները հայտնել են, որ կորոնավիրուսից հետո առձեռն նամակներ չեն ընդունվում և առաջարկել են նամակն ուղարկել էլեկտրոնային հասցեով։
Ստեփանյանը նշել է, որ նամակը նպատակահարմար չի համարել փոխանցել դեսպանատան էլեկտրոնային հասցեին, քանի որ այն ուղղված է անձամբ փոխնախագահ Վենսին։
«Նամակը մեկ ժամվա ընթացքում կուղարկվի ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ նույն ձևակերպմամբ և նույն բովանդակությամբ»,- նշել է նա՝ հավելելով, սակայն, որ վստահ չէ, թե նամակները պետական մարմինների միջոցով կհասնեն հասցեատիրոջը։
Նա ընդգծել է, որ հումանիտար հարցերը չեն կարող մնալ ընթացակարգային սահմանափակումների զոհ, և դրանց լուծումը խաղաղության գործընթացի անբաժան մասն է։
ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-11-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նրան է միանալու ԱՄՆ տնտեսական հարցերով փոխնախարար Ջեյքոբ Հելբերգը։


































