ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտել է մրցելույթներն աշխարհի առաջնությունում՝ 1/8 եզրափակչում 1:4 հաշվով պարտվելով Բելգիայի ընտրանուն։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է Շառլ դե Կետելարեն, սակայն 31-րդ րոպեին Մալիկ Թիլմանը վերականգնել է հավասարակշռությունը։ Այնուամենայնիվ, բելգիացիները մինչև ընդմիջում կրկին առաջ են անցել՝ դե Կետելարեի երկրորդ գոլի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում Հանս Վանակենը մեծացրել է առավելությունը, իսկ ավելացված ժամանակում Ռոմելու Լուկակուն ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:1։
Խաղից առաջ մեծ քննարկումների տեղիք էր տվել ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունի մասնակցությունը վերոնշյալ հանդիպմանը։ Ֆուտբոլիստի որակազրկումը ՖԻՖԱ-ն փոխարինել էր մեկ տարվա փորձաշրջանով, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ անձամբ դիմել էր կազմակերպությանը՝ խնդրելով վերանայել որոշումը։ Սակայն Բալոգունը խաղում վճռորոշ ազդեցություն չի ունեցեկ, և ԱՄՆ հավաքականը չի կարողացել խուսափել խոշոր հաշվով պարտությունից։
Այս հաղթանակից հետո Բելգիայի հավաքականը դուրս է գալիս աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։
Բալոգունը 1/16 եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում կոպիտ խախտման համար ստացել էր ուղիղ կարմիր քարտ։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ նա պետք է ավտոմատ կերպով բաց թողներ հաջորդ հանդիպումը, սակայն ՖԻՖԱ-ի համապատասխան հանձնաժողովը հետաձգել էր որակազրկման կիրառումը։
Կարդացեք նաև՝
ԱԱ-2026․ հետաձգված որակազրկում, զանգ Սպիտակ տնից, ՈՒԵՖԱ-ի կոշտ արձագանք


































