Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 500 երեխա «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հյուրընկալվել է «Տաշիր» արենայում և դիտել Eternia շոուն:
Երեխաները նաև հանդիպել են «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ: Վերջինս նշել է՝ երեխաները «մեկը մեկից լուսավոր են»։
Նա նաև պատմել է, որ երեխաներից մեկը՝ Ամալյա անունով աղջիկը, ծնվել է Վանաձորում՝«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի ներդրումներով կառուցած ծննդատանը։
«2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։ Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։ Սամվել Կարապետյանը և հայրս որոշեցին Վանաձոր քաղաքի համար կառուցել նոր ծննդատուն։ 2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը, ում ծնողները Կարապետյանների մոր պատվին անվանակոչեցին Ամալյա»,- նշել է Կարապետյանը։
«Տաշիր Արենա» մշակութային և զվարճանքի համալիրի բացումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին՝ Երևանում։ Բացումն ազդարարվել էր Eternia շոուի պրեմիերայով, որը դարձել էր միջոցառման պայծառ կետն ու Երևանի կրկեսի նոր դարաշրջանի խորհրդանիշը։ Այն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին։





































