Լրագրողական 7 կազմակերպություն քննադատել է Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու իշխանությունների նախագիծը։
Նրանք նշել են, որ ԱԺ-ն քննարկելու է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը նախատեսում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը երեքի փոխարեն դարձնել երկուս՝ հանելով նաև կրթական-մշակութային ծրագրի պահանջը։ Կազմակերպություններն ընդգծել են, որ նախաձեռնությունն իրականում նպատակ ունի հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնել հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
«Իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, ինչպես վկայակոչել են նախագծի հեղինակները, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպություններն իշխանություններին հորդորում են «սկզբունքորեն հրաժարվել մեդիա օրենսդրության նկատմամբ խիստ իրավիճակային մոտեցումներ դրսևորելուց, ինչը մտահոգիչ ավանդույթ է դարձել և վնաս է հասցնում ոլորտի արդյունավետ գործունեությանն ու զարգացմանը»։
Սեպտեմբերին ԶԼՄ-ները գրել էին, որ իշխանությունները ոչ միայն պատրաստվում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնել, այլև մտադիր են փակել եկեղեցու «Շողակաթ» հեռուստաալիքը։ ՔՊ-ն «Շողակաթին» առնչվող նախագիծ էր ներկայացրել, որը հոկտեմբերի 16-ին դրական եզրակացություն էր ստացել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։
Կարդացեք նաև՝





































