ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտում ծանոթացել է տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական հանրույթի դերը հուշարձանային համալիրի վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով:
Նշվում է, որ նախարարն ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի կարևորությունը՝ աշխատանքները որակյալ և ժամանակին իրականացնելու նպատակով:
Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգման աշխատանքների առաջին իսկ օրվանից քննարկումների կենտրոնում է: Քննադատության հիմքում են շինարարական աշխատանքների կազմակերպման ձևն ու դրանց որակը։
Բարձրացված աղմուկից և բողոքի ակցիաներից հետո ԿԳՄՍ նախարարությունը մինչև սեպտեմբերի 8-ը դադարեցրել էր աշխատանքները, ապա հայտարարել, որ դրանք կվերսկսվեն նախագծի լրամշակումից հետո։ Անդրեասյանը նշել էր, որ յուրաքանչյուր շաբաթ այցելում է հուշահամալիր և աշխատանքներին անձամբ է հետևում։





































