«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 մլն դոլար պարգևին։
Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին (Սուդան), Զուհայր Լահնային (Մարոկկո) և Ջիլ Սիմանին (ԱՄՆ/Հարավային Սուդան) «Ավրորա»-ի հանձնաժողովն ընտրել է ավելի քան 800 թեկնածուներից և որպես մրցանակի հավակնորդներ ներկայացրել Նյու Յորքում՝ Ամերիկայի արտասահմանյան մամուլի ակումբի (OPC) հետ համատեղ կազմակերպված ճեպազրույցի և քննարկման ժամանակ։
Այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակի շնորհման արարողության ժամանակ։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց 2024թ. միացավ Էրիկ Էսրայիլյանը։ Նրանց նպատակն է միասին ձևավորել մարդասիրական համաշխարհային շարժում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։





































