Քաղցկեղ ունեցող Արեգը Երևանում հանդիպել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
«Շատ հուզիչ պահ էր»,- գրել է նա։
Մարտիրոսյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ Ռոնալդուն Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ, նախքան տրանսպորտ նստելը, մոտենում է անվասայլակում գտնվող փոքրիկ Արեգին և ստորագրում նրա մարզաշապիկին։
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրենն ավելի վաղ գրել էր, որ քաղցկեղ ունեցող երեխաներից մեկի երազանքն է հանդիպել Ռոնալդուի հետ և խնդրել էր աջակցել այդ հարցում։
Հանդիպումը կկայանա այսօր ժամը 20։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղին կմասնակցի նաև Ռոնալդուն։ Նա 2015 թվականի հունիսին Երևանում հեթ-տրիկ էր ձևակերպել՝ ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի որակավորման փուլում 3։2 հաշվով հաղթանակ բերելով Պորտուգալիային։




































