Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հանրապետության տոնի առիթով հայրապետական օրհնություն և շնորհավորանք է հղել համայն հայությանը՝ միասնության ու ազգային ինքնագիտակցության կոչով։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
«Ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պիտի միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»,- նշել է նա։
Գարեգին Բ-ն հիշեցրել է եկեղեցու վճռորոշ դերի մասին Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում, որոնք նախորդել էին 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրմանը։ Նա նշել է, որ Գևորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականությունը ժողովրդի հետ միասին մասնակցել են կենաց ու մահու այդ պայքարին։
Գարեգին Բ-ն 1918 թվականի իրադարձությունները կապել է ներկա ժամանակների հետ՝ հավելելով, որ այսօր նույնպես ազգի նվիրյալ զավակները կյանք են տալիս հանուն Հայաստանի անվտանգության և պետականության։
«Շատերն իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում»,- նշել է նա։
Կալանքի տակ գտնվող «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա կապակցությամբ։
Հոգևորականի խոսքով՝ այսօր Հայաստանը կրկին կանգնած է իր գոյությանն սպառնացող վտանգի առաջ:
Գալստանյանը հիշեցրել է Հանրապետության կայացման գործում եկեղեցու դերի մասին՝ ի դեմս Գևորգ Ե Սուրենյանցի, որի խոսքը, նրա համոզմամբ, ցեղասպանված ժողովրդի համար դարձել էր ինքնագիտակցության բարձրակետ։
«Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո´չ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ` նախ մեր տունն ազատագրելու և ապա մեր տունը վերականգնելու մեր պատվի և մեր կյանքի հետ միասին»,- նշել է նա։
Սրբազանն ընդգծել է, որ այս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել բացառապես համախմբման և համազգային ու պետական իրական արժեքների վերականգնման միջոցով։
CSI-ից ԵՄ-ին կոչ են արել հասնել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակմանը
Ադրբեջանի կողմից հայ գերիների բանտարկությունը սպառնում է ոչ միայն գերիների, այլև Եվրոպայի անվտանգությանը։ Այս մասին հուլիսի 14-ին հայտարարել է Christian...





































