Ամերիկահայ System of a Down (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հայտնել է Երևանում խմբի համերգի հետաձգման մասին։ Երաժիշտն այս մասին գրել է Instagram-ում՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե SOAD-ը հուլիսին ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում։
Թանկյանը հաստատել է, որ համերգն իսկապես պլանավորված էր, սակայն ելույթի անցկացումը որոշվել է հետաձգել մի քանի պատճառով։
«SOAD-ը Երևանո՞ւմ։ Իսկապես պատրաստվում էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ Երևանում, սակայն լոգիստիկ բարդությունների և ժամանակի սղության պատճառով որոշեցինք հետաձգել համերգը։ Մենք կհայտարարենք դրա մասին, երբ հստակեցվի նոր ամսաթիվը»,- գրել է երաժիշտը։
Ավելի ուշ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համերգը մնում է օրակարգում, և առաջիկայում խմբի հետ համաձայնեցնելու են անցկացման ժամկետները։ Ելույթի նոր ամսաթիվը, նրա խոսքով, իշխանությունները կհամաձայնեցնեն խմբի հետ՝ կազմակերպչական և ժամանակային հարցերը լուծելուց հետո։
Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետը, պատասխանելով երեխայի հարցին, հայտարարել էր, որ SOAD-ը հուլիսին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում։



























