Ներքաղաքական իրավիճակը, սահմանային անվտանգությունը, տնտեսության զարգացումը, սոցիալական, կրթական, առողջապահական համակարգը հասարակական կարծիքը ձևավորող ներքին գործոններն են։
2026թ․ հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի ներքաղաքական դաշտը վերադասավորման փուլում է։ Քաղաքացիները լսում են նախընտրական խոստումներ, հետևում քաղաքական դաշինքների ձևավորմանը և ամբողջացնում իրենց պատկերացումները ներկայի և առաջիկա տարիների մասին։
Միաժամանակ, ներքաղաքական գործընթացները փոխկապակցված են նաև արտաքին՝ տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հետ։ Ըստ ՀՀ իշխանության հայտարարությունների՝ Հայաստանն այժմ վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Այս առումով հասարակության կարծիքը բևեռված է․ ոմանք իրական դաշնակիցներ են տեսնում Եվրոպային և ԱՄՆ-ին, ոմանք էլ՝ ՌԴ-ին։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի 2022թ․ անցկացրած մարդահամարի՝ ՀՀ մշտական բնակչության թիվը 2 932 731 է, առկա բնակչությանը՝ 2 689 438։
Ներքին և արտաքին գործոնների զուգահեռներում Armenia Today-ը հարցմամբ փորձել է հասկանալ նաև քաղաքացիների անձնական սպասումներն ու ակնկալիքները գործող իշխանությունից։ Երևանում տարբեր տարիքի և սեռի մոտ 40 քաղաքացու Armenia Today-ն ուղղել է նույն հարցերը՝ ինչպե՞ս են նրանք տեսնում երկրի ներկան և առաջիկա 5-10 տարիների իրավիճակը, ինչպես նաև՝ Հայաստանո՞ւմ, թե՞ դրսում են նրանք պատկերացնում իրենց ապագան։
Հարցմանը մասնակցած բացարձակ մեծամասնությունն իր ապագան, անկախ զարգացումներից, պատկերացնում է Հայաստանում՝ անգամ արտերկրում ապրելու իրական հնարավորություն ունենալու դեպքում։
«Վերջին 3 տարիներն արտերկրում եմ անցկացրել՝ Ֆրանսիայում, Մոսկվայում, բայց վերադարձել եմ Հայաստան․ այստեղ գտնվում եմ իմ մշակույթի մեջ»,- ասել է հարցմանը մասնակցած երիտասարդ քաղաքացին։
Հարցվածներից մի քանիսի հույսերն ապագայի նկատմամբ չեն արդարացել։ Հավատալով իշխանության խոստումներին՝ նրանք արտերկրից վերադարձել են Հայաստան, բայց զղջում են։
«Գեղեցիկ բառերով ներկայացված տրադիկոմեդիա է։ Դրսից եկել ենք հավատալով այդ ապագային՝ հիմա փոշմանել ենք շատ»,- նշել է քաղաքացին։
Հարցվածների կարծիքները երկրի ներկայի և առաջիկա 5-10 տարիների իրավիճակի մասին տարբեր են։ Ոմանք դժգոհել են իշխանությունից՝ ասելով, որ թե՛ ներկայում, թե՛ ապագայում լավ սպասելիքներ չունեն։
«Դժգոհ եմ, ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում»,- շեշտել է հարցման մասնակիցներից մեկը:
Որոշներն էլ հավանություն են տվել ներկա իշխանության վարած քաղաքականությանը և երկրի համար լավ ապագայի հույս հայտնել։
«Ամեն ինչ շատ ընտիր է, երկրի կյանքը հուսադրող է»,- ընդգծել է մեկ այլ քաղաքացի։
Հարցվածների մեծ մասն անորոշության մեջ է։ Նրանցից ոմանք կարծում են, որ ԱԺ ընտրություններով նոր իշխանություն պետք է ձևավորել, մյուսներն էլ գտնում են, որ դեռ բարեփոխումների կարիք կա՝ դրանով էլ պայմանավորելով, թե ինչպիսին կլինի երկրի ապագան։
«Այս պահին ամեն ինչ չափազանց անորոշ է, ոտքերիս տակ հող չեմ զգում»,- նկատել է քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում:



































