Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին: Ավանեսյանը Խաչատրյանին այցելել է բժշկական կենտրոնում:
Լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնել է, որ նա այժմ հետազոտվում է:
«Գիտեք, որ Վագիֆն ուներ սրտային քրոնիկ վիճակ, պետք է որոշակի հավելյալ հետազոտություններ իրականացնենք, և մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով»,- ասել է նա:
Ըստ Ավանեսյանի՝ Խաչատրյանը լավ տրամադրությամբ է, իրեն լավ է զգում և անհամբեր սպասում է ընտանիքին տեսնելուն:
«Երջանիկ է, ուրախ է, իր խոսքով՝ Հայաստանում է՝ լավ է»,- նախարարը մեջբերել է Խաչատրյանի խոսքերը:
Իր հերթին՝ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը հայտնել է, որ Խաչատրյանի մոտ քրոնիկ հիվանդության թեթև սրացում է նկատվում և առայժմ կմնա կլինիկայում, որտեղ կանցնի անհրաժեշտ հետազոտություններ:
Առողջապահության նախարարը նաև հայտնել է, որ վերադարձած մյուս գերիների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք լուրջ առողջական խնդիրներ չունեն: Վիգեն Էուլջեքջյանի վիճակի մասին հարցին պատասխանելով՝ նախարարը նշել է, որ բոլոր ազատ արձակվածները կանցնեն անհրաժեշտ հետազոտություններ և խորհրդատվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում կստանան բուժում։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել չորս գերիների՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նրանց հայկական կողմին են հանձնել Ադրբեջանի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչները։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:



































