Բաքվում գերության մեջ պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, նրանից ձեռագիր նամակ է ստացել, տեղեկացրել է SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), որը գործում է Բուենոս Այրեսից:
Նամակը փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
«Վիգեն Էուլջեքջյանի լռության, անորոշության և հոգեբանական դժվարություններով լի երկար ժամանակահատվածից հետո այս նամակն ստանալը խոր զգացմունքային և նշանակալի պահ է ընտանիքի համար»,- նշված է SOAR-ի հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հավելել է, որ հայ գերուց ստացած ցանկացած հաղորդագրություն ունի մեծ նշանակություն. այն հաստատում է, որ նա ողջ է: Իսկ այս նամակագրությունն, ըստ Հայ որբերի օգնության միության, ավելին է, քան պարզապես անձնական հաղորդագրությունների փոխանակում։
«Այն իրենից ներկայացնում է մարդասիրական օգնություն և հաստատում է բանտարկյալների՝ իրենց ընտանիքների հետ կապ պահպանելու հիմնարար իրավունքը»,- նշված է հաղորդագրության մեջ, որում SOAR-ը նաև շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նամակի փոխանցման գործում կարևոր դերի համար:
SOAR-ը հավելել է, որ, այնուամենայնիվ, պահպանվում են մարդասիրական լուրջ մտահոգություններ Էուլջեքջյանին երկարատև կալանքի տակ պահելու հետ կապված՝ վերահաստատելով մշտական միջազգային մոնիթորինգի, թափանցիկության և մարդասիրական հասանելիության կարևորությունը:
Էուլջեքջյանը ձերբակալվել էր 2020թ. նոյեմբերի 10-ին Շուշիում՝ 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» և «ահաբեկչության» մեղադրանքներով։
Փաստաբանները 2025թ․ հոկտեմբերի 23-ին դիմել էին ՄԱԿ-ի աշխատանքային խմբին՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով:




































