Երևանի կենտրոնում մթնոլորտային օդում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթվա ընթացքում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արաբկիր վարչական շրջանում թույլատրելի ցուցանիշների գերազանցում գրանցվել է միայն դեկտեմբերի 17-ին և 22-ին: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում նկատվել է նաև ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում: Ընդ որում՝ ծծմբի երկօքսիդի պարունակությունը մնացել է նորմայի սահմաններում։
Մթնոլորտային օդում փոշու գերազանցում է արձանագրվել նաև Հայաստանի այլ քաղաքներում: Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում փոշու բարձր կոնցենտրացիան նկատվել է դեկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում՝ մի քանի օրվա ընթացքում:
Հայհիդրոմետկենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը Երևանն անվանել էր ամենախոցելի մայրաքաղաքը տարածաշրջանում օդի աղտոտվածության պայմանների առումով: Նոյեմբերի վերջին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը սեզոնային բնույթ է կրում և պայմանավորված է տարածաշրջանային գործոններով և հրդեհներով:





































